Աշոտյանը երգ կգրի, Փաշինյանը կարող ա երգի. Շարմազանովը չի կասկածում Աշոտյանի «պայծառ ճակատին»
Տարոն Մարգարյանն ինքն է օրակարգ թելադրում, այլ ոչ թե ընդօրինակում: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը չի՞ պատրաստվում նոր երգով հանդես գալ, տեսահոլովակ նկարահանել:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ համացանցում լայն տարածում գտած հոլովակի մասին, որտեղ քաղաքապետի թեկնածուն «Ելք» դաշինքի անդամների հետ կատարում էր «Երևան դարձած իմ Էրեբունի» երգը, Շարմազանովն ասաց. «Ես ուրախ եմ Նիկոլի տաղանդի համար, չեմ լսել, բայց ուրախ ենք»:
Անդրադառնալով կուսակցության կողմից իրականացվելիք քարոզչությանը՝ Տարոն Մարգարյանի շտաբի պետը նշեց. «Մեր Հանրապետականի քարոզչության պետ Արմեն Աշոտյանը միշտ ոչ ավանդական և շատ հետաքրքիր քարոզչական լուծումներ է տալիս, այս անգամ՝ ևս: Ես կարծում եմ, որ որևէ մեկն Աշոտյանի պայծառ մտքի և պայծառ ճակատի վրա չի կասկածում»:
Հարցին էլ, թե կարո՞ղ է ստացվի այնպես, որ Աշոտյանը երգ գրի, Տարոն Մարգարյանը՝ կատարի, Շարմազանովը կտրուկ պատասխանեց. «Աշոտյանը երգ կգրի, Նիկոլ Փաշինյանը կարող ա երգի, տենց ավելի հավանական ա»,- ասաց Շարմազանովն ու լիաթոք ծիծաղեց իր իսկ ասածից:
Ստոպ-կադրը՝ 1in.am-ի տեսանյութից