Երևանի Մյասնիկյան պողոտան այս գիշեր կրկին փակ կլինի
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ապրիլի 8-ին ժամը 22:00-ից մինչև լուսաբաց Մյասնիկյան պողոտայի դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը կրկին փակ է լինելու:
Հայտարարությունում ասված է.
«Հարգելի համաքաղաքացիներ,
ապրիլի 8-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 9-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը տրանսպորտային երթևեկի համար կրկին ամբողջությամբ փակ է լինելու:
Վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհներից:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»: