Հայկական ընտրախարդախություններ
Հայաստանը դեռ այն քաղաքակիրթ երկիրը չէ, որտեղ նախընտրական և ընտրական պրոցեսները համապատասխանեն ժամանակակից արևմտյան չափանիշներին։
Հայաստանում նախընտրական շրջանը թեկնածուները վստահում են կա′մ քրեական հեղինակություններին, կա′մ թաղային հեղինակություններին, կա′մ էլ կասկածելի կենսակերպ ունեցող անձանց։
Սովորաբար, ընտրաշտաբներում այս շտաբի անդամները, ակտիվիստները զբաղված էին «ուտել-խմելով»։ Կարճ ասած` մի խելքը գլխին մարդ չկար, քանի որ Հայաստանում ընտրություններ կազմակերպելու համար նման անհրաժեշտություն չկա։
Ո′չ թեկնածուններն են «խելքի տոպրակ», բնական է, ո′չ էլ նրանց աշխատակիցները։ Կարևորը ճարպիկ մարդիկ լինեն, կարողանան ընտրությունները կազմակերպել, տնետուն ընկնեն, հարցուփորձ անեն, անձնագրերի տվյալներ հավաքեն և վճարեն դրա դիմաց։
Օրինակ՝ Արարատի մարզում փողը բաժանել են ոչ ակտիվիստները, տարածաշրջանում «անուն» ունեցողները, քանի որ ոչ ոքի փող չեն վստահել․ կարող էին խաբել, ինչպես եղել է, օրինակ, որոշ ընտրաշտաբներում։
Ըստ լուրերի` խաբել են նաև Միհրան Պողոսյանին կամ ԴԱՀԿ-ի Միհրանին։ Նրա ընտրաշտաբներից մի քանիսում փող են «քցել», իհարկե, նա կրկին ֆինանսավորել է, սակայն, ինչպես երևում է, նա այդպես չի թողնի՝ քթի տակից փողերը տանեն։
Լուրեր կան, որ Էրեբունու տարածքում ևս 5 մլն դրամ «վերցրել-թռել» են։
Խելացի թեկնածուները նախապես էին բաժանել, իսկ մի քիչ կծծիները՝ թողել էին ընտրության օրը։
Ընդհանուր առմամբ, ընտրաշտաբների ղեկավարներ կան, որ ընտրություններում մինչև 50 000 դոլար փող են աշխատում՝ այս կամ այն կերպ, և ընտրությունները նախ և առաջ տոն է նրանց համար։
Իհարկե, մնում է վերջնական ընտրահաշվարկը, եթե կարիք է լինում՝ այստեղ ևս փող կա, իսկ ամենապատվավոր տեղը, իհարկե, ԿԸՀ-ն է ապահովում՝ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ․ նա է նկարչության գլխավոր դասատուն։