«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի արձանագրած ընտրախախտումները
Ընտրությունների ընթացքին հետևելով՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ընտրախախտման մի շարք դեպքեր է արձանագրել:
Դաշինքն արձանագրել է հետևյալ ընտրախախտումները.
• Ընտրական տեղամասերի կահավորումը շատ դեպքերում չի համապատասխանում օրենքի պահանջներին, ինչը չի ապահովում ընտրության գաղտնիությունը։
• Օրենքով նախատեսված՝ ընտրական տեղամասերից համացանցով հեռարձակումը չի գործել առավոտյան ժամը 7-ից մինչև ժամը 13-ը։
• Հենց այդ՝ հեռարձակման բացակայության ժամերին, հակառակ օրենքի պահանջների, տեղամասերում եղել են համատարած կուտակումներ։
• Համատարած են նաև քվեարկության գաղտնիության խախտումները, մասնավորապես՝ քվեախցիկների հետևում կանգնած մարդիկ հսկում են քվեարկողներին։
• Քվեարկության ընթացքում, ընտրողին օգնելու պատրվակով ուղղորդվում է նրանց քվեարկությունը։
• Շատ ընտրատեղամասերում հանձնաժողովների նախագահները հրաժարվում են գրանցել դիտորդների և վստահված անձանց կազմած արձանագրությունները։
• Բազմաթիվ տեղամասերում ոստիկանությունը չի կատարում ընտրողների կուտակումներ թույլ չտալու և օրենքով սահմանված իր այլ պարտականությունները։
«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել քվեարկության ընթացքին և հավաքել ընտրախախտումների մասին ողջ տեղեկատվությունը, ինչի հիման վրա կտանք մեր վերջնական գնահատականը։
Այս ապօրինությունների դեմն առնելու համար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կոչ է անում բոլոր ընտրողներին, կատարել իրենց քաղաքացիական պարտքը, մասնակցել քվեարկությանը»,- ասված է դաշինքի տարածած հայտարարության մեջ: