Վարչապետը կատարեց իր ընտրությունը և «մանրուք» որակեց տնօրենների ձայնագրությունը
Երևանի թիվ 4/53 ընտրատեղամասում քիչ առաջ իր ընտրությունը կատարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով, իր իսկ խոսքով, քվեարկել էր հանուն Հայաստանի անվտանգության և առաջընթացի:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ընտրությունների վերաբերյալ կանխատեսումներ չունի՝ ամեն ինչ ժամանակը ցույց կտա:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ կուսակցություններն ու դաշինքները չեն ցանկանում կոալիցիա կազմել Հանրապետական կուսակցության հետ, վարչապետը կարճ պատասխանեց. «Իրենցից հարցրեք»:
Խոսելով նախընտրական շրջանում տեղի ունեցած դանակահարությունների մասին, այդ թվում՝ ՀՀԿ-ականների միջև, վարչապետը նշեց. «Բոլոր այդ դեպքերը, իհարկե, լավ չեն: Ակնհայտ է, որ լավ չեն, բայց կարծում եմ, առաջընթաց կա»:
Դիտարկմանը, թե ինչպե՞ս է ստացվել, որ Սերժ Սարգսյանն, ըստ էության, քարոզարշավին չմասնակցեց, և հիմնական «դերակատարը» հենց վարչապետն էր, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ կուսակցությունում այդպես է որոշվել, թե ինչու է այդպես որոշվել, վարչապետն ասաց. «Թե ինչ դրդապատճառով ենք այդպես որոշել, այդպես որոշել ենք»:
Անդրադառնալով դպրոցների և մանկապարտեզների տնօրենների սկանդալային ձայնագրություններին, որոնցում լսվում էր, որ նրանք աշխատում եմ ՀՀԿ-ի օգտին, Կարապետյանն ասաց, որ եթե խախտում են արել արել, ապա պետք է պատժվեն, եթե խախտում չեն արել չպետք է պատժվեն»: Վարչապետը հարցը որակեց իբրև «մանրուք». «Յուրաքանչյուր մանրուք ընտրության օրը սարքում եք քննարկման առարկա»,- լրագրողներին ասաց Կարեն Կարապետյանը:
Հարցին, թե վարչապետն ավելի լավատես է քարոզարշավից առա՞ջ, թե հետո, Կարեն Կարապետյանը կարճ պատասխանեց. «Ես միշտ լավատես եմ»:
Ավարտելով՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ ինքը Հայաստանը տեսնում է իբրև «տրամաբանական», «խելոք», «օրենքի երկիր»: