ՀՀԿ-ն 8 տոկոսային կետով գերազանցում է «Ծառուկյան» դաշինքին
Ընտրությունների նախաշեմին սրվել է պայքարը առաջատար կուսակցությունների՝ «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ-ի միջև: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) գլխավոր կենտրոնի տնօրեն Վալերի Ֆյոդորովը։
Սա արդեն կազմակերպության երկրորդ հարցումն է: Այս անգամ մասնակցել է 1600 մարդ: Ըստ հարցման արդյունքների՝ հասարակության 65 տոկոսը մասնակցելու է ընտրություններին:
ВЦИОМ-ի տվյալներով՝ ՀՅԴ-ն, ԵԼՔ դաշինքը և ՀՎԿ-ն հաղթահարում են 5% ձայների շեմը, իսկ որպես առաջատարներ՝ աչքի են ընկել «Ծառուկյան» դաշինքն ու ՀՀԿ-ն:
«Ընտրությունների նախաշեմին սրվել է պայքարն առաջատարների՝ «Ծառուկյան» դաշինքի (22 %) և ՀՀԿ-ի (21 %) միջև, որոնց վարկանիշները գործնականորեն հավասարվել են՝ տարբերությունն ավելի փոքր է, քան ընտրանքային սխալը, իսկ ՀՀԿ-ն զգալիորեն ավելացրել է իր մասին տեղեկացվածությունը՝ 44 %-ից հասցնելով 57 %-ի: Հաշվի առնելով առաջադրված թեկնածուների հայտնած նախապատվությունները՝ ՀՀԿ-ն հավաքում է 44%, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ 36%: Այս դեպքում ՀՀԿ-ն գրեթե 8 տոկոսային կետով գերազանցում է «Ծառուկյան» դաշինքին», – ընդգծեց նա՝ հավելելով, որ մնացած քաղաքական ուժերը խորհրդարանում հայտնվելու հայտ չեն ներկայացնում: