Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մասին շրջանառվող լուրը հերյուրանք է
Լրատվական կայքերում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀԿ-ական Հրաչիկ Աբգարյանը իբրև իր նեղ շրջապատում ասել է, թե իրեն սատարում է հայտնի հեղինակություն, գործարար և բարերար Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն: Ըստ աղբյուրի՝ Աբգարյանը հայտարարել է, թե սերտ կապերի մեջ է Դոն Պիպոյի հետ, ով իր մեջքին կանգնած է, և որ ինքը Ասատրյանի նման հզոր հովանավորներ ունենալով՝ կարող է հաղթահարել ամեն բան:
Այս լուրը NEWSPRESS.am-ի հետ զրույցում հերքեց Արթուր Ասատրյանի օգնական Արտակ Սերգոյանը: Նրա խոսքով՝ հրապարակված նյութը հերյուրանք է:
«Արթուր Ասատրյանի կապը ՀՀԿ-ական Հրաչիկ Աբգարյանի հետ, բացարձակապես իրականության հետ չի համապատասխանում, սուտ է,- ասաց նա և հավելեց,-եթե լուրը հրապարակող լրատվական կայքին պարզապես դիտումներ է հարկավոր, թող չփորձի դա անել Արթուր Ասատրյանի անունը շահարկելով»:
Նա հավելեց նաև, որ Ասատրյանը պատգամավորության որևէ թեկնածուի չի սատարում:
Հարցին, թե այնուամենայնիվ կա՞ որևէ մեկը ում սատարելու է Արթուր Ասատրյանը, Արտակ Սերգոյանը պատասխանեց, որ դեռևս ստույգ չի կարող ասել, սակայն նշեց, որ Արթուր Ասատրյանն ինքը շուտով այդ մասին հրապարակավ կհայտարարի: