«Մի հատ կարգին ծափ տվեք». ընտրողները Բաղդասարյանին «դիլխոր թողին»
Նախընտրական քարոզարշավի շրջանակում արաբկիրցիների հետ հանդիպման հենց սկզբում ընտրողների արձագանքն այնքան էլ դուր չեկավ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին: Այնպես, որ նա չզսպեց իրեն ու հորդորեց «մի հատ կարգին ծափ տալ»:
Իհարկե, ընտրողների կողմից նման արձագանք կարելի էր սպասել մի շարք պատճառներով. նախ՝ նախկին ՕԵԿ-ն արդեն աչքի է ընկել իր փոփոխականությամբ ու անկայունությամբ, և ընտրողների շրջանում, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում: Նրան չօգնեց նույնիսկ իր ճակատի նոր՝ ՀՎԿ դաջվածքը: Եվ հետո՝ հասարակությունը դեռ ուշքի չի եկել կուսակցության ղեկավար կազմի «Աչքեր հանող, կաշի քերթող, ոչնչացնող…» սարսափ ժանրի հայտարարություններից:
Չի բացառվում, որ այն, ինչ այս պահին ակնկալում է ժողովուրդը ՀՎԿ-ից, պայմանավորվածություն ձեռք բերելն է «ընտրակաշառքների» շուրջ:
Ի դեպ, հանդիպման ժամանակ, մի քանի քաղաքացի իրենց հարցերով անդրադարձան նաև այս թեմային:
Արթուր Բաղդասարյանը հայտարարեց նաև, որ իրենց «պաստառները պատռել են…»՝ կատարվածը որակելով «ճղճիմ տեխնոլոգիաներ», որոնց դեմ պետք է պայքարել:
Նա ներկայացրեց իրենց ծրագրերը և նկատեց նաև, որ «գիտակցված մարդը միշտ կարող է հաջողության հասնել»: Թերևս նրա այս դիտարկումը տեղին է: Այստեղ միայն հարց է ծագում, թե ինչ տեսք ունի այդ հաջողությունն Արթուր Բաղդասարյանի աչքերով, և որտեղ կամ որ ճամբարում է նա իրեն տեսնում հաջողության դեպքում:
Ամեն դեպքում՝ թերևս նա չի բացառում նաև, որ կարող է տապալվել: Համենայնդեպս, հանդիպման ժամանակ նա հայտարարեց, թե «Քվեն փամփուշտից ուժեղ է… »