Նախընտրական պայքա՞ր, թե՞ «մարտեր առանց սահմանների»
Այս օրերին մամուլը հեղեղված է նյութերով՝ «Նախընտրական ծեծկռտուք՝ Արարատում», «Լարվածություն՝ Վանաձորում», «Հերթական ծեծկռտուքը…», «Դանակահարություն նախընտրական պայքարի հողի վրա»….
Այսինքն՝ ինչպես ամեն ընտրությունից առաջ, այս նախընտրական շրջանը ևս զերծ չէ լարվածությունից, բայց, ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ բախվում են ոչ միայն հակառակ բևեռների ներկայացուցիչները, այլև նույն թիմում գտնվողները:
Ու ստացվում է, որ ընդդիմադիր կոչված ուժերը կարիք չունեն պայքարի մտնել Հանրապետականի դեմ. ՀՀԿ-ն ինքն է իր դեմ պայքարում:
Այս դեպքում արդեն նրանց հայտարարած «թիմային ընտրություններ» կամ «թիմային աշխատանք» հայտարարությունները դառնում են փուչիկ:
Մյուս կողմից էլ թե′ իշխանությունը, ու թե′ իշխանության տենչողներն ուրիշ բան չեն կարողանում անել և անում են այն, ինչ կարող են. քվեներն ու հեղինակությունը փորձում են ձեռք բերել ընտրակաշառքների և բռունցքների միջոցով: Բայց որ ավելի նողկալի է, դա անում են հանուն անձնական շահի՝ հանուն պաշտոնի, ունեցվածքի պահպանման, ինքնապահպանման, բիզնեսի պահպանման կամ այդ ամենի ձեռքբերման համար:
Ժողովրդի շահերից ոչինչ չի բխում:
Բայց ասում են, որ քաղաքական ուժերի միջև և հատկապես Հանրապետական կուսակցության ներսում տեղի ունեցող այս թեժ վեճերն ու ծեծկռտուքները պատառիկներ են, որոնց մասին իմանում ենք կուսակցության տեղեկատվական արտահոսքի միջոցով: Շատ կուսակցականներ իրենք են խոստովանել՝ դեպքերի միայն մի մասն է հայտնի դառնում, այն էլ որոշ վերապահումներով:
Մյուս մասը վարպետորեն հաջողվում է կոծկել. իրականում դրանք ավելի շատ են:
Իսկ որ ավելի վտանգավոր է՝ ասում են, թե ծեծկռտուքներն ու նույնիսկ տեղի ունեցած դանակահարությունը նախերգանքն են. առջևում դեռ անակնկալներ կան, որոնք կարձանագրվեն իրական կատաղի մարտերի տեսքով. ընդ որում՝ «մարտեր առանց սահմանների»…
Արմինե Մկրտումյան