Շարմազանովը պատասխանել է Կարեն Կարապետյանի հայտարարությանը
Եթե ձեզ թվում է, որ ՀՀԿ-ն կոմկուս է, և մեզ մոտ որևէ քննարկում չի լինում, չարաչար սխալվում եք: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի հայտարարությանը, ըստ որի՝ նա իր դժգոհությունն է հայտնել ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ:
Շարմազանովը խոստովանեց, որ ՀՀԿ-ում ոչ միայն Կարեն Կարապետյանը, այլև էլի մի քանիսը դեմ են եղել այդ ընտրակարգին, սակայն քննարկումների արդյունքում որոշում է կայացվել նման Ընտրական օրենսգիրք ունենալ:
«Մինչև որոշում կայացնելը, քննարկումներ լինում են, և Հանրապետականը դա նորմալ է ընդունում: Իսկ արդեն որոշում կայացնելուց հետո, բոլորն այդ որոշման կողմնակից են դառնում»,- նշեց Շարմազանովը:
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ անդամ լինելն իրեն ավելի շատ կխանգարի ընտրություններում շատ ձայներ ստանալու առումով, Շարմազանովը պատասխանեց. «Հանրապետական լինելն ինձ համար պատիվ ու հպարտություն է, ես կարծում եմ՝ բոլորի համար պետք է լինի պատիվ ու հպարտություն»:
Դիտարկմանը, թե երկրում ստեղծված վիճակից բողոքում են նույնիսկ ՀՀԿ-ականները, Շարմազանովը պատասխանեց. «Մեր կուսակցությունը երբեք չի ասել, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փայլուն է: Մենք շատ իշխանություններից տարբերվում ենք նրանով, որ իրատեսական ենք գնահատում իրավիճակը: Այո, երկրում կան բազում խնդիրներ, և ՀՀԿ-ն է այն ուժը, որը կարող է լուծել այդ խնդիրները լավագույնս: Եվ ՀՀԿ-ն է այն ուժը, որն օբյեկտիվորեն իրականացրել է խնդիրների ախտորոշում և գնալու է այդ ախտորոշումները բուժելու ճանապարհով»: