Հնարավոր է` անձնական խնդիր են ունեցել. Ալիկ Սարգսյան
Այսօր առավոտ մամուլում շրջանառվում էին լուրեր, ըստ որոնց՝ ՀՀԿ պատգամավորների միջև թեժ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի:
Լուրերի համաձայն՝ Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, «հանդգնել է» իր շտաբը տեղակայել մեկ այլ ՀՀԿ պատգամավորի՝ Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին:
Լուրերի համաձայն՝ նույնիսկ կան վիրավորներ: Ու չնայած դրան՝ Արարատի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարում է, թե «ոչինչ չգիտի»: Նա այդ մասին ասաց, երբ NEWSPRESS.am– ի թղթակիցը զանգահարեց Ալիկ Սերգեյիչին՝ դեպքի մանրամասները պարզելու համար:
«Ախր ինչի՞ իրենց չեք զանգում…. Ես դրանից տեղյակ չեմ»,- ասաց Ալիկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ մարզում դեռևս ՀՀԿ շտաբներ տեղակայված չեն, ու ինքը չգիտի, թե ինչի մասին է խոսքը:
«Արարատում դեռ չկան շտաբներ… Հնարավոր ա՝ նույնիսկ նրանք անձնական խնդիրներ են ունեցել, հանդիպել են խոսել ու վիճել: Ես ոչինչ չեմ կարող ասել….»,- եզրափակեց Ալիկ Սարգսյանը:
Թե որքանով է տեղի ունեցածը կապված «ձայները չկիսելու» հետ, դեռևս պարզաբանումներ կլինեն, սակայն այն, որ ռեյտինգային ցուցակների հետ կապված նման խմորումներ կլինեն՝ կարելի էր կանխատեսել: Այնպես որ՝ մնում է սպասել նոր անակնկալների: