Այս ամենում առկա է էմոցիոնալ դաշտ. Նախարարը՝ զինգրքույկներում ապրիլյան պատերազմի մասով նշումների մասին
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վստահեցնում է՝ զինծառայողների զինգրքույկներում ապրիլյան պատերազմի մասով նշումների հարցում ոչ բոլոր զինծառայողների պահանջն է արդարացի: Այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով՝ մինչ օրս ընդամենը մի քանի դեպքում է ուղղում կատարելու անհրաժեշտություն առաջացել:
«200 նման դեպքի ուսումնասիրությամբ հայտնաբերվել է 4-5 դեպք, երբ անհրաժեշտություն է եղել ուղղում կատարելու: Բոլոր զինկոմիսարիատներն ստացել են համապատասխան աշխատանքային ուղեցույցները, և այդ դեպքերը նայվում են անհատական հիմքով: Մենք չունենք մի ընդհանուր լուծում բոլորի համար: Կարծում եմ՝ այս ամենում առկա է էմոցիոնալ դաշտ, երբ ապրիլյան գործողություններից հետո, բոլոր այն տղաները, ովքեր այդ օրերին մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում ծառայելիս են եղել, ցանկություն ունեն, որ իրենց զինգրքույկներում նշումներ կատարվեն»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ այն բոլոր դեպքերը, որոնց դեպքում եղել են վրիպումներ, ուղղվում են:
«Մեծ խնդիր դրա մեջ չենք տեսնում»,- ասաց նախարարը: