«Ժողովուրդ». Վարչապետի հրահանգը ոչ բոլորն են ականջին օղ արել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մենք շարունակում ենք ահազանգեր ստանալ Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներից։ Նրանք դժգոհում են, որ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը թաղապետարանի աշխատակիցներին անգամ աշխատանքային ժամերին է ստիպում գնալ և զբաղվել ՀՀԿ-ի շտաբային աշխատանքներով՝ հօգուտ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի` Սասի Արտակի:
Ավելին՝ Անտոնյանը թաղապետարանի աշխատակիցների մոտ մի քանի անգամ հայտարարել է, թե հաջորդ թաղապետն ինքն է լինելու և սպառնացել է՝ ՀՀԿ-ի օգտին չաշխատողների համար «վատ կլինի»։
Այս իրավիճակն ուշագրավ է այն իրողության համատեքստում, որ դեռևս փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր ադմինիստրատիվ ռեսուրսները չօգտագործել նախընտրական քարոզչության գործընթացում։ Բայց արի ու տես, որ այս հրահանգը ոչ բոլորն են ականջին օղ արել: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ կառավարություն. խոստացան արձագանքել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում