ԿԳ նախարարը խորհուրդ է տալիս կարդալ Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»
«Կրթական համակարգի ամուր հենքը հենց գյուղական դպրոցներն են, որտեղ պահպանվել են լավագույն ավանդույթները»:
Այս մասին այսօր Կոտայքի մարզի Արզական գյուղի միջնակարգ դպրոցում անցկացրած բաց դասից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նա ցավում է, որ այսօր գյուղական դպրոցների զգալի մասում աշակերտների պակաս կա:
Իսկ քանի որ Բաց դասն անց էր կացվում Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի օրվան ընդառաջ՝ լրագրողները նախարարին հարցրեցին, թե ի՞նչ գիրք խորհուրդ կտա ընթերցել:
Լևոն Մկրտչյանը պատասխանեց, որ իր համար, առհասարակ, կարևոր է գիրք հասկացությունը:
«Ես շատ եմ ուրախանում, երբ Երևանում բացվում են սրճարան-գրախանութներ, և այնտեղ շատ երիտասարդներ եմ տեսնում, քանի որ այդ մշակույթը սկսում է վերադառնալ: Առհասարակ, եթե նկատել եք, գրքի նկատմամբ աշխարհում հետաքրքրությունը սկսում է մեծանալ: Ինչ վերաբերում է կոնկրետ ինչ գիրք խորհուրդ կտայի, ասեմ` Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» և Վիլյամ Սարոյանի ցանկացած ստեղծագործություն»,-ասաց նախարարը