ԱԺ ընտրություններին մասնակցելու ենք միասին. Օհանյանի, Օսկանյանի և Հովհաննիսյանի միջև հուշագիր կնքվեց
Այսօր՝ փետրվարի 13-ին, տեղի ունեցավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրման արարողությունը:
Հուշագիրը ստորագրեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հուշագրի տեքստում ասված է.
«Գիտակցելով, որ մեր երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանության ձևավորում,
ընդունելով, որ հանրային կյանքի բարելավման, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության պետության ներսում առկա խնդիրների լուծման համար պետք է մի կողմ դնել անձնական հավակնությունները և առաջնորդվել բացառապես պետական շահով
ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքական ու հասարակական ուժերի լայն համախմբում,
-կարևորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը,
մենք կնքում ենք դաշինքային համաձայնագիր և ԱԺ ընտրություններին մասնակցելու ենք միասին»: