ԱԺ ընտրությունների օրը փոխելու հարցում ամբողջական համաձայնություն չկա
ԱԺ ընտրությունների օրը փոխելու հարցն արդեն իրավական տիրույթում է:
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Այն պահից, երբ որ խնդիրը մտնում է իրավական տիրույթ, մենք որևէ մեկնաբանության խնդիր չունենք: Սահմանադրական դատարանն ինչպես որոշի, մեզ համար ցանկացած վճիռ պարտադիր է իրականացման»,- ասաց նա:
Շարմազանովը նշեց նաև, որ ոչ բոլոր քաղաքական ուժերն են համամիտ՝ ընտրության օրը փոխելու հետ:
«Մենք ասել են, երբ ընտրական պրոցեսին մասնակից բոլոր դաշինքները, կուսակցությունները համաձայնության գան ընտրության օրը փոխելու վերաբերյալ, մենք որևէ արհեստական խոչընդոտ չենք ստեղծի: Այս պահին չկա ամբողջական համաձայնություն քաղաքական դաշտում»,- ասաց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների օրը տեղափոխելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցով որոշ ընդդիմադիրներ նախաձեռնել են ստորագրահավաք: Անհրաժեշտ 27 ստորագրությունից հավաքել են 19-ը: