Օսկանյան-Օհանյան դաշինքն անկայուն է և դատապարտված տրոհման
Վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն Օսկանյան-Օհանյան դաշինքի ձևավորման հենց առաջին իսկ պահից այն համոզմունքին է եղել, որ այդ դաշինքն անկայուն է:
Նրա դիտարկմամբ՝ դաշինքում հավաքվել են բացարձակապես տարբեր աշխարհաճանաչողություն և քաղաքական մոտեցումներ ունեցող ուժեր:
«Եթե անգամ նրանք հրապարակայնորեն մեկնաբանում են, թե իրենց միության նպատակն իշխանափոխությունն է, ապա ներեցեք, հարց է ծագում՝ ո՞ր ծրագրով, ո՞ւմ ծրագրով և ի՞նչ ուղիներով, քանի որ նրանցից ամեն մեկն իր տարբերակն ունի…»,-NEWSRESS.am-ի հետ զրույցում ասում է Ստյոպա Սաֆարյանը:
Այս առումով նրա համար զարմանալի չէ նաև այն, որ դաշինքում մինչ օրս քննարկումները ցուցակում տեղեր զբաղեցնելուց այն կողմ չեն անցել:
«Տարբեր գաղափարախոսությունների ու հայացքների տեր այդ մարդիկ դրանից այն կողմ այլ բան չեն էլ կարող զրուցել»,- նկատում է Ստյոպա Սաֆարյանը:
Իհարկե, նա հասկանում է, որ ցուցակում տեղեր զբաղեցնելու շուրջ բանակցությունները ևս կարևոր են և բաղկացուցիչ մաս են կազմում, բայց եթե դա քննարկման միակ թեման է, ապա նման դաշինքը չի կարող գոյատևել:
«Եթե նույնիսկ նրանց հաջողությունը ժպտա, ու այն, ինչ կասկածում եմ, չլինի, նրանք հայտնվեն խորհրդարանում, ապա միևնույնն է՝ երկար կյանք չի ունենա: Երբ ընդհանուր խնդիրները դրվեն Ազգային ժողովում քննարկման, դաշինքը տրոհվելու է»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:
Նա պատահական չի համարում նաև, որ դաշինքը կոչում են նախկին պաշտոնյաների և նեղացածների ակումբ: Մարդիկ, ովքեր իշխանության մեջ տեղ չունեցան (Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան), դաշինքում անձնական ամբիցիաների խնդիրներ են քննարկում և ոչ ավելի: