Ես ինձ ավելի հոգևորին մոտ եմ դասում, քան կուսակցական պատկանելության. Վարդան Ղուկասյան
Եթե Գյումրիում մի հատ շուն ընկնի մեքենայի տակ, բերում կապում եք Ղուկասյան Վարդանին: Այ դա է վատ: Այսօր ԲՀԿ 9-րդ համագումարի ավարտից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Նա նկատեց, որ սուտ են տեղեկությունները, թե ինքը քրեական գործերի մեջ մեղադրվել է: Ինչ վերաբերում է իր որդու և եղբորորդու՝ թմրանյութեր օգտագործելուն և նրանց ձերբակալությանը, ապա Վարդան Ղուկասյանը հակադարձեց. «Էդ դուք եք արել, դուք եք սարքել, էդպիսի բան չկա: Դուք եք ներկայացրել, թմրանյութերի գործ չի եղել»:
Անդրադառնալով իր քաղաքական գործունեությանը՝ նախկին հանրապետականը նշեց, որ ո՛չ ՀՀԿ-ում, ու ո՛չ էլ հիմա, իրեն կուսակցական չի համարել
«Ես ինձ ավելի հոգևորին մոտ եմ դասում, քան կուսակցական պատկանելության»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ միացավ ԲՀԿ-ին, նեղացա՞ծ է ՀՀԿ-ից, Գյումրիի նախկին քաղաքապետը պատասխանեց. «Ես ոչ մեկից նեղացած չեմ։ Աստված թող բոլորին բարին տա, մի քիչ համերաշխ եղեք, համբերատար եղեք, սիրով եղեք միմյանց նկատմամբ, մի բուռ ազգ ենք մնացել, լույսը խավարի տեղ մի դրեք»։
Նա ԲՀԿ-ի հաղթանակի հետ կապված կանխատեսումներից զերծ մնաց:
«Կապրենք` կտեսնենք, առաջն Աստված»,- ասաց Ղուկասյանը: