Այդ «սուրբ» տեղը թափուր չի մնա. Սամվել Նիկոյանը՝ ՀՀԿ-ից արտահոսքի մասին
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը տեղին չի համարում դիտարկումները, թե ռեյտինգային ընտրակարգը կբերի ներկուսակցական պայքարի: Նրա որակմամբ՝ դա ժողովրդին տրվող ընտրելու հնարավորություն է:
«Յուրաքանչյուր ընտրատարածքում մոտ 15 անձ կարող է առաջադրվել, հանրությունը հնարավորություն կունենա ընտրելու»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոյանը:
Այդպես նա համամիտ չէ նաև այն գնահատականների հետ, թե ՀՀԿ-ից արտահոսք է սկսվել:
Նա կրկնում է իր կուսակիցների կարծիքը, ըստ որի՝ մատների վրա կարելի է հաշվել հեռացողների թիվը, մինչդեռ անդամագրվողներն ավելի շատ են:
Սամվել Նիկոյանը հակադարձեց նաև այն դիտարկմանը, թե ամեն դեպքում ՀՀԿ-ի առանցքային դեմքերից մեկն է հեռացել: Նրա դիտարկմամբ՝ առանցքային դեմք չեն ծնվում, դառնում են:
«Տարբեր ժամանակներ ՀՀԿ-ի մեջ առանցքային դեմքեր եղել են տարբեր մարդիկ, հիմա էլ ուրիշ մարդիկ կլինեն: Այդ «սուրբ» տեղը թափուր չի մնա»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ կուսակցությունում տեղի ունեցող պրոցեսները միտված են կուսակցության առողջացմանը: