Ֆինանսների նախարարն «արջի ծառայություն» չի մատուցել
ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վստահեցնում է՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «արջի ծառայություն» մատուցելու մասին հայտարարությունն ուղղված չէր իր ղեկավարած նախարարությանը: Նա լրագրողների հետ ճեպազրույցում նկատեց, որ դա ավելի շատ հորդոր էր, քան զգուշացում:
«Կարծում եմ, որ դա ուղղակի հորդոր էր, որպեսզի նախընտրական ժամանակահատվածում չլինեն անհարկի չարաշահումներ, որ ինչ-որ մեկը փորձի դա օգտագործել և ի վնաս լինի, ոչ թե ի նպաստ որևէ կուսակցության, որովհետև արգելվում է վարչական ռեսուրսներն օգտագործել նման նպատակի համար: Հորդորը դրա համար էր։ Վստահ եմ, որ դա Ֆինանսների նախարարությանը չէր ուղղված»,- ասաց նախարարը:
Նախարարը միաժամանակ նշեց, որ իր աշխատակիցներին երբեք չի հորդորել քվեարկել այս կամ այն կուսակցության օգտին:
Հիշեցնենք, որ վարչապետն այսօր խստագույնս զգուշացրեց պետական ռեսուրսն օգտագործելով քարոզչություն իրականացնողներին՝ նշելով, որ մամուլում նման հրապարակումներ կան: Նա ասել էր, որ դա «արջի ծառայություն» է: