Ոստիկանները քաշքշել են սևազգեստ մայրերին ու վիրավորել նրանց
Այսօր կառավարության հետնամասում ոստիկանները քաշքշել են խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին: Այդ մասին NEWSPRESS.am-ի թղթակցին ասացին զոհված զինծառայողների ծնողները: Նրանք հավելեցին նաև, որ ոստիկանները փորձել են իրենց բերման ենթարկել:
Մայրերը պատմեցին, որ կառավարության հետնամասում իրենք սպասելիս են եղել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, երբ նրանց է մոտեցել մի ոստիկան:
«Ուզում էինք տեսնել Վիգեն Սարգսյանին, որ խոսեինք հետը, ներկայացնեինք մեր խնդիրը, մեկ էլ մի քանի ոստիկան մոտեցան, ասացին՝ էն կողմ գնացեք: Ասացինք, որ նախարարին ենք ուզում տեսնել, բայց նրանք էլ չէին լսում մեզ, սկսեցին քաշքշել»:
Տիկին Իրինան վրդովված ու հուզմունքով նշեց, որ ոստիկանները կոպտորեն քաշքշել են իրենց շորերից և փորձում նստեցնել մեքենա:
Որդեկորույս մայրն արցունքները հազիվ էր զսպում. «Թքեցին մեզ վրա, պատկերացնո՞ւմ եք»,- ասաց նա:
Նանա Մուրադյանն էլ նշեց, որ իրենց բերման չեն ենթարկել, քանի որ մեկ այլ ոստիկան միջամտել և թույլ չի տվել:
Այժմ նրանք կառավարության շենքի դիմաց պահանջում են հանդիպում նախարարի հետ: