Մեր ներքին քննարկումները թող մնան մեր մեջ. վարչապետ
Կա՞ն ինչ-որ քայլեր, որոնք կնպաստեն հետ կանգնել կորուստներից, միջազգային հարթակներում վնասներ չկրել, Լապշինի դեպքի նման դեպքեր չունենալ: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարցրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Մշտապես ասում եք, թե պետք է միշտ նախաձեռնող լինենք, ՝ ի՞նչ է արվում, որ մեզ հպարտ զգանք»,-հարցրեց Թևան Պողոսյանը:
Վարչապետն արձագանքեց. «Ի՞նչ է արվում, որ մեզ հպարտ զգանք: Հիմա չգիտեմ կառավարության ծրագիրը հատ-հատ ներկայացնեմ, որովհետև Լապշինից սկսեցիք, սահմանից ավարտեցիք: Կոնկրետացրեք հարցը, պատասխանեմ, եթե չէ, մեկ այլ տարբերակով հանդիպենք, զրուցենք»:
«Ինձ թվում է՝ ձեր բոլոր ջանքերը՝ փոփոխություն անելու, չեն բերում դրական արդյունքի»,- նկատեց պատգամավորը:
Անդրադառնալով Լապշինի դեպքին՝ վարչապետը նկատեց, որ դա արտառոց է:
«Անտրամաբանական քայլերի դեմ որոշակի անձերի, միգուցե նաև երկրների մենք գործողություններ անենք, որ նրանք անտրամաբանական բաներ չանեն, ես նման գործողություններ չգիտեմ: Ի՞նչ ենք մենք ներքին մեր հարթակում խոսել արտաքին գործերի և պաշտպանության նախարարի հետ, մեր ներքին քննարկումները թող մնան մեր մեջ»: