«Ելք» դաշինքը պահանջում է սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ելք» դաշինքի հայտարարությունը, որով մասնավորապես ասվում է.
«Փետրվարի 7-ին Բելառուսի իշխանությունների որոշմամբ` հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցվել Լեռնային Ղարաբաղ այցելելու, Ղարաբաղի մասին դրական գնահատականների համար:
Բաքվի օդանավակայանում Լապշինին, ինչպես վտանգավոր հանցագործի, ուղեկցել են դիմակավորված հատուկջոկատայիններ՝ ակնհայտորեն ցուցադրական նպատակներով:
«ԵԼՔ» դաշինքը խստորեն դատապարտում է Բելառուսի իշխանությունների՝ խոսքի ազատության իրավունքը ոտնահարող այս քայլը և այն համարում վիրավորանք հայ ժողովրդի հասցեին:
Լապշինի արտահանձնումը վկայում է նաև, որ ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում Բելառուսի դաշնակցային կարգավիճակը Հայաստանի նկատմամբ կրում է ձևական բնույթ և չի կարող Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման գործոն լինել:
«ԵԼՔ» դաշինքը ՀՀ իշխանություններից պահանջում է հետ կանչել Բելառուսում ՀՀ դեսպանին և սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ»: