Լապշինի արտահանձնումը սպառնալիք է, և կարող է վատ նախադեպ լինել. Կիրո Մանոյան
Քաղաքագետ Կիրո Մանոյանը Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու հարցում անորոշություն է տեսնում:
Նա լրագրողների հետ զրույցում նկատում է, որ Ադրբեջանը դիմել է Բելառուսին՝ Լապշինին արտահանձնելու համար, իսկ Բելառուսն էլ հայտարարել է, թե Բաքուն դիմել է Ինտերպոլին, և իրենք պետք է քննարկեն հարցը: Կիրո Մանոյանի խոսքով՝ նրանց հայտի վրա է, որ Մինսկը որոշել է արտահանձնել բլոգերին, ու հենց այս հարցն էլ հստակեցման կարիք ունի:
«Բելառուսի և Ադրբեջանի կողմից շարունակվում է հակահայ մեղսակցությունը, մենք ականատես ենք եղել ՀԱՊԿ-ում, ԱՊՀ միջխորհրդարանական ժողովների ընթացքում»,- նշում է քաղաքագետը՝ հավելելով, որ Ադրբեջանի և Բելառուսի միջև հավասարության նշան է պետք դնել, որովհետև երկուսն էլ առնվազն նույն բանն են անում:
Նրա կարծիքով՝ սա սպառնալիք է, և կարող է վատ նախադեպ լինել բոլոր այն լրագրողների, քաղաքական գործիչների համար, ովքեր կցանկանան այցելել Արցախ:
«Մեծ հակազդեցություն է պետք ցույց տալ այս նախադեպին, որովհետև սա խաղաղության չի հանգեցնի»,-ասաց քաղաքագետը:
Ըստ Կիրո Մանոյանի՝ Հայաստանը՝ որպես պետություն, այս հարցում մեծ անելիք չունի, քանի որ Լապշինը ՀՀ քաղաքացի չէ:
Հիշեցնենք, որ Արցախ այցելած բլոգեր Լապշինին երեկ արտահանձնեցին Բաքվին: