Պարոն Ներսես Երիցյանը տեղյակ չէ ուղեղի գոյության մասին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հայտարարել է, որ ժողովուրդը պետք է խնայողություններ անի։ Իհարկե, նա շատ ճիշտ է, միշտ էլ պետք է խնայողություններ անել՝ սև օրվա համար։
Հիշեցնենք` հանրությանը խնայողությունների կոչ անողը 2012 թվականին 340 հազար դոլարով ընդամենը երկու բիոզուգարան գնած, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանն է։
Իհարկե, վերջին տարիներին հանրությունն այլ կերպ է ընկալում և վերլուծում հայ իշխանավորների բարձրագոչ հայտարարությունները՝ փրկենք բյուջեն, խնայողաբար ծախսենք, արդյունավետ աշխատենք․ նման հայտարարություններին, երբ դեռ դրանք նոր էին, երևի թե հավատացողների փոքրիկ զորախումբ կար, սակայն տարիները հարստացրել են ժողովրդին՝ իհարկե, միայն իմացության առումով, ոչ գրպանի պարունակության, և այժմ նման խայծը կուլ չեն տա։
Այնպես որ՝ ոչ ոք Ներսես Երիցյանին լուրջ չի ընդունում։ Ի դեպ, Ազգային ժողովում, նայելով Ներսես Երիցյանի ծաղկուն կերպարին՝ կարելի է միայն ենթադրել, թե ուր է գնացել բյուջեից բիոզուգարանների համար հատկացված փողերի գոնե մի մասը։
Ցավն այն է, որ միայն Ներսես Երիցյանն այդպես չի մտածում. նա պարզապես արտահայտում է երկրի հաշվին հարստացածների իրական մտադրությունները։
Երկրի բնակչության զգալի հատվածն ապրում է կա′մ թոշակով, որն անգամ 100 դոլար չի կազմում, կա′մ նվազագույն աշխատավարձով, որը թոշակից շատ չի տարբերվում, եթե անգամ որոշ մարդկանց աշխատավարձը փոքր-ինչ բարձր է, դա չի նշանակում, որ կարող են իրենց շռայլություններ թույլ տալ, անգամ՝ խնայողություններ անել։
Պարզապես հետաքրքիր է, որ որոշ մարդիկ մտածելու համար չեն օգտվում ուղեղի ծառայություններից։