Ընդունվեց դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը պարզեցնելու օրենսդրական նախաձեռնությունը
Ազգային ժողովը 92 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, առաջին ընթերցմամբ ընդունեց դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը պարզեցնելու օրենսդրական նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ քննարկման էր դրվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին օրենքի նախագիծը:
Առաջարկվող փոփոխություններով կհստակեցվեն անկախ հանձնաժողովի և դատարանի գործառույթները՝ բացառելով նույնաբնույթ գործառույթների իրականացումը: Կսահմանվեն հստակ չափանիշներ, որոնք կդրվեն և՛ անկախ հանձնաժողովի, և՛ դատարանի պատճառաբանված որոշումների հիմքում:
Դատապարտյալն իրավունք կունենա մասնակցելու իրեն վերաբերող եզրակացության կայացմանը և իրականացնելու համապատասխան պաշտպանություն:
Նախագծերով փորձ է կատարվել նախատեսել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման այնպիսի համակարգ, որը կունենա օրենսդրական կայուն հիմք և կնպաստի գործուն և արդյունավետ պրակտիկայի ձևավորմանը:
Ակնալվում է, որ փոփոխությունները կբարձրացնեն անկախ հանձնաժողովների գործունեության արդյունավետությունը և կշտկի ՀՀ-ում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատիժ չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու կառուցակարգերում առկա թերությունները, և կապահովի հասարակության մասնակցությունն այդ խնդիրների լուծման գործում: