Ալիկ Սարգսյանը կստանձնի ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը
Ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանն արդեն վաղը կանցնի ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավարի իր պարտավորություններին: Այդ մասին ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողի հարցին, թե Արարատի ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նշանակումը նպատակ ունի՞ նվազեցնել Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը Արարատի մարզում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ն որևէ քաղաքական գործչի դեմ չի պայքարում՝ առավել ևս նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի»:
Հարցին, թե այս նիստում արդյոք քննարկվե՞լ է ով է ղեկավարելու ՀՀԿ-ի նախընտրական շտաբը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Այդ հարցերը կքննարկենք փետրվարի 1-ին տասնօրյակում: Մի անհանգստացեք, չենք ուշացնի»: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այժմ կուսակցությունում քննարկվում է ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը, հաջորդ շաբաթվա մեջ այն պատրաստ կլինի:
Շարմազանովը նաև հավելեց, որ ՀՀԿ նախընտրական ցուցակը լինելու է ամենառեյտինգային և ամենաամբիցիոզը:
«Պետք չէ մտահոգվել ՀՀԿ-ի համար: Մեր համամասնական և ռեյտինգային ցուցակը լինելու է շատ ներկայանալի և ամենաամբիցիոզը՝ բառիս լավ իմաստով»,-ասաց նա: