Հովիկ Աբրահամյանը ազատվել է ՀՀԿ խորհրդի անդամի պաշտոնից
«Պարոնայք Հովիկ Աբրահամյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արարատի նախկին մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, ինչպես նաև Արարատի տարածքային կառույցի ղեկավար Կարինե Պողոսյանն ազատվել են խորհրդի անդամի պաշտոնից՝ հաշվի առնելով ՀՀԿ-ից դուրս գալու իրենց դիմումները»:
Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ ՀՀԿ ԳՄ նիստում որոշում է կայացվել կուսակցության խորհրդի կազմից ազատել կուսակից նախկին գործընկերներին, որոնք ՀՀԿ-ից դուրս գալու դիմում են գրել:
Շարմազանովը նաև հայտնեց, որ այս պահին քննարկման փուլում է գտնվում Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում ՀՀԿ նախընտրական ծրագիրը, որը պատրաստ կլինի մինչև հաջորդ շաբաթվա վերջ:
Շարմազանովը նշեց, որ մտահոգված չեն կուսակցական արտահոսքից: Ըստ նրա՝ ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է, և անդամագրվում են կուսակցությանը, և արտահոսք կա, և ներհոսք: Բայց արտահոսքն ավելի քիչ է, քան ներհոսքը:
«Իրենք են իրենց ճակատագիրը որոշում, մենք ունենք մեր ճանապարահը, իրենք ընտրել են իրենց ճանապարհը»,- նշեց նա: