«Առնետավազք է. թմբլիկ առնետները գնում են լավ տեղ, կիսասովածները՝ մարագ ու այնտեղ վերջանում»
Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի գնահատմամբ՝ Հայաստանում ոչ թե կոռուպցիա է, այ թալան, ոչ թե դաշինք՝ այլ առնետավազք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նկատեց, որ բոլոր կուսակցություններն այսօր հավաքվել են իշխանության շուրջ և բուրգ են կառուցում՝ ապահովելով իրենց տեղը:
«Կուսակցությունը պետք է ծառայի ժողովրդին, այլ ոչ թե բուրգ կառուցի, որ իրեն պաշտպանի»,- ասաց Ֆերդինանդ Առաքելյանը: Նա նկատեց, որ որոշ մտավորականներ տառապում են հիվանդությամբ՝ նրանք քծնում ու ծափահարում են, թե «թագավորն ընկավ, կեցցե՛ թագավորը»։
«Ասում են՝ տվեք մեզ իշխանությունը. ինչո՞ւ տանք։ 1998 թվականին տվեցինք, ավերեցին, հետո տվեցինք, նորից ավերեցին… Առնետավազք է սկսվել, այստեղից՝ այնտեղ, այնտեղից՝ այստեղ: Էն լավ, թմբլիկ առնետները գնում են լավ տեղ, էն կիսասոված առնետներն էլ մինչև մարագն են գնում ու այնտեղ կվերջանան: Ես ցավում եմ, սա ինձ համար մեծ ողբ է»,- նկատեց քանդակագործը:
Նա մի ցանկություն ունի՝ ով էլ գա իշխանության, գոնե լավ նայի ժողովրդին: