ՄԻՊ-ի մոտ քննարկվել է զինգրքույկներում պատերազմին մասնակցության մասին գրառում կատարելու հարցը
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանն ընդունել է մի շարք զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին: Ուսումնասիրվել են զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության մասին գրառումներ չկատարելու, կատարված գրառումներում «անվավեր» նշում կատարելու կամ այդ գրառումները ջնջելու հետ կապված զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ներկայացրած փաստաթղթերը, ինչպես նաև քննարկվել են խնդրի հետ կապված մանրամասներ: Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ներկայացրած հանգամանքների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է պաշտոնական ընթացակարգ: Արդեն իսկ ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցներ պարզելու համար ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Պաշտպանության նախարարությունից պարզաբանումներ պահանջելով և համատեղ աշխատելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ: