ՀՀԿ-ում շատ կարկառուն ներկայացուցիչներ կան. Տարոն Մարգարյանը՝ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելու մասին
Ամեն մարդ ինքն է իր ճակատագիրը որոշում: Այդ մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով Հայաստանի նախկին վարչապետ, կարկառուն ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից հեռանալուն:
«Ինձ թվում է՝ ՀՀԿ-ում շատ կարկառուն ներկայացուցիչներ կան»,- ասաց քաղաքապետը:
Խոսելով Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառման մասին՝ Տարոն Մարգարյանը նկատեց, որ գրառումը շատ պարզ էր:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով իր ղեկավարած կուսակցությունից տեղի ունեցող արտահոսքին և մասնավորապես նախկին վարչապետի հեռանալուն՝ նշել էր. «Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են»:
Դրան ի պատասխան Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը:
Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել»: