Զինվորը երկու տարվա ծառայության ընթացքում շատ ավելի հաճախ պետք է տեսնի իր ընտանիքին. Վ. Սարգսյան
Պաշտպանության նախարարությունը փորձում է բարձրացնել բանակի ընկալումը հասարակության մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ որպես կարևոր նախադրյալ նշելով թեժ գծի ստեղծումը:
Նա նշեց, որ օրական 120-150 հեռախոսազանգ են ստանում: Նախարարի խոսքով՝ լավագույն քաղաքացիական վերահսկողությունը Զինված ուժերի նկատմամբ կարող է իրականացնել զինծառայողի և հատկապես շարքային զինծառայողի ընտանիքը:
«Իմ մեծ ցանկությունն է, որ կարողանանք անել այնպես, որ զինվորը երկու տարվա ծառայության ընթացքում շատ ավելի հաճախ տեսնի իր ընտանիքին, հարազատներին: Ես այս պահին այդ հարցի լուծումը չունեմ, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ ապրիլն արդեն ապացուցեց, որ ՀՀ Զինված ուժերն ակնհայտորեն մարտունակ են, սակայն մարտահրավերների պարագայում պարզապես մարտունակ Զինված ուժերը բավարար չեն: «Մեզ պետք է ունենալ ռազմավարական խնդիրներ լուծելու ունակ իրոք շատ ամուր Զինված ուժեր, որը ոչ միայն ուժեղ է, այլ տարածաշրջանում ուժեղագույնն է»,- ասաց Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ այս առումով բավականին շատ անելիքներ կան: