Առաջարկություններ կներկայացվեն այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ
Հաշվի առնելով բանակցությունները Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ և Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված թողունակության սահմանափակումները՝ վարչապետը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել և մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ:
Գործադիրի ղեկավարը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարել է քննարկել ՀՀ կառավարության 2010 թվականի N 98-Ն որոշմամբ սահմանված «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը՝ մասնավորապես բարձրացնելով ծրագրի շրջանակում ձեռք բերվող բնակարանների արժեքի շեմը և նվազեցնելով պարտադիր կանխավճարների չափը: Ըստ անհրաժեշտության՝ համապատասխան հարցը քննարկել նաև ՀՀ կենտրոնական բանկի հետ: