ՀՀԿ-ից հեռացողները բանական մարդիկ են. Հայրիկյան
Բոլոր նրանք, այդ թվում նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հեռացել են ՀՀԿ-ից, քանի որ բանական մարդիկ են: Այդ մասին հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Ըստ նրա՝ ՀՀԿ-ից հեռացողները հասկացել են, որ կամ պետք է կուսակցությունը փոխեին, կամ իրենց նախագահին։
Թեև մյուս կողմից էլ Հայրիկյանը չի բացառում, որ այս ամենը ձևական բնույթ է կրում. «Ես մի քանի օր առաջ օրինակ բերելու համար ասացի՝ եթե Հովիկ Աբրահամյանը գա, պիտի ասենք՝ չէ՞: Բայց ես իրեն նկատի չունեի, ես նկատի ունեի բոլոր նախկին պաշտոնավորներին։ Որը որ գա, պիտի ասենք՝ այո»:
Ինչ վերաբերում է Հայրիկյանի դաշինքին Սեյրան Օհանյանի, Վիկտոր Դալլաքյանի, Վարդան Օսկանյանի և Արամ Սարգսյանի հետ, ապա, ըստ ԱԻՆ առաջնորդի, դա մեկ նպատակ ունի՝ Հայաստանում հաստատել ժողովրդավարություն:
Նա փաստեր ունի և կարող է ներկայացնել այն մասին, որ Հայաստանում երբեք ընտրություններ չեն եղել: Հայրիկյանի դիտարկմամբ՝ այս իրավիճակում կամ պետք է ընտրություններին չմասնակցել, կամ փորձել համազգային միջոցառումն օգտագործել Հայաստանը ժողովրդավար դարձնելու համար։
Հայրիկյանի խոսքով՝ իրենց նպատակը դաշինքով արմատական փոփոխությունների հասնելն է: Միևնույն ժամանակ Պարույր Հայրիկյանը նկատում է, որ իրենց դիրքորոշումը համընկնում է դաշինքի մեջ չմտնող «Ժառանգության» դիրքորոշման հետ:
«Չգիտեմ՝ համընկել է, մենք ենք իրենցից վերցրել, թե իրենք մեզնից, բայց հիմա մեր դիրքորոշումը բավականին մոտ է՝ ունենալ ժամանակավոր անցումային փուլ և հաստատել ժողովրդավարություն»,- ասաց Հայրիկյանը: