Արցախից Հայաստան տեղափոխված զինծառայողների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեկ ԼՂՀ Պաշպանության բանակից երկու վիրավոր տեղափոխվել է Երևան: Նրանցից մեկը պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանն է, իսկ մյուսը՝ Գուրգեն Սարգսյանը: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Նա նշեց, որ վիրավորներից Ալեքսեյ Ավանեսյանը երեք օր առաջ է վիրավորում ստացել: Զինծառայողը վիրավորվել է ստորին վերջույթից: Նրա ոտքը հեռացրել են:
«Փորձել ենք օրգան պահպանող վիրահատություն անել, սակայն վնասվածքի ծավալը մեծ էր, չի հաջողվել: Վիրահատությունն այնպես է անցկացվել, որ հետագայում հնարավոր լինի պրոթեզավորել»,- ասաց նա:
ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետը նշեց նաև, որ վիրավորը բավականին արյուն է կորցրել, նրա վիճակն այս պահին ծայրահեղ ծանր է գնահատվում, սակայն հույս հայտնեց, որ վաղն արդեն որոշ չափով վիճակը կբարելավվի:
Այս պահին ծայրահեղ ծանր է գնահատվում նաև մյուս վիրավորի՝ Գուրգեն Սարգսյանի առողջական վիճակը:
Գուրգենը վնասվածք է ստացել գանգուղեղի հատվածում և հիմա արհեստական շնչառական ապարատին է միացված: