Պետության յուրաքանչյուր նորածին արդեն պարտք ունի. Սասուն Միքայելյան
«Ելք» դաշինքը համոզված է, որ կկարողանա ելք գտնել երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Հունվարի 21-ին «Ելք» դաշինքի համաժողովի ժամանակ իր ելույթում այդ մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը։
Նրա գնահատմամբ՝ չկա արդարության և պաշտպանվածության զգացում, չկա հավատ ոչ վաղվա օրվա ու ոչ էլ օրենքի նկատմամբ, ու այստեղից էլ հենց գալիս է քաղաքական և ընտրական գործընթացների նկատմամբ անտարբերությունը:
Սասուն Միքայելյանը նկատում է՝ հասարակությունն օտարված է իշխանությունից:
«Երկրում գնալով խարխլվում են ժողովրդի ծանր պայքարի գնով ձեռք բերած նվաճումները, ժողովրդավարությունը նահանջում է, տնտեսությունը ծայրահեղ վատ վիճակում է, իսկ պետության յուրաքանչյուր նորածին արդեն պարտք ունի և պոտենցիալ պարտապան է: Տեղի է ունենում գործընթաց, որը կարող է վերածվել ազգային աղետի»,- ասաց Սասուն Միքայելյանը և հավելեց, որ հենց դա էլ հիմք է հանդիսացել՝ «Ելք» դաշինքի ձևավորման համար: