ԼՂՀ հարցում չի կայացվի որոշում, որի հետ մեր քաղաքացիները համաձայն չեն լինի. վարչապետ
«Ես վստահ եմ, որ ունենք տարբերակ՝ մեր ինքնասիրությունը, հաղթանակը պահել, պաշտպանել համապատասխան տրամաբանական բանակցությունների արդյունքում»: Այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԼՂՀ հարցին՝ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Լրագրողի հարցին, թե կո՞ղմ է վարչապետը կարգավիճակի դիմաց տարածքներ հանձնելուն, հաշվի առնելով, որ բուն ղարաբաղցիները շատ սուր են վերաբերում այդ հարցին և պնդում են՝ ոչ մի թիզ հող, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Դուք պրակտիկորեն պատասխանեցիք այդ հարցին…»:
Անդրադառնալով հարցին՝ կո՞ղմ է հարցի լուծման փոխզիջումային տարբերակին, վարչապետը պատասխանեց. «Նայած, թե ինչ փոխզիջման մասին է խոսքը: Փոխզիջումը ոչ միայն տարածք է, կարգավիճակ է, տարբեր բաներ են: Չեմ կարծում, որ որոշում կայացնող կլինի, ով կկայացնի մի որոշում, որի հետ մեր քաղաքացիները համաձայն չեն լինի… Եկեք այդ մասին խոսենք, երբ կգա ժամանակը»,-ասաց վարչապետը: