«Համանախագահների հայտարարությունը համարժեք է հակամարտության կողմերի այս պահին ունեցած քաղաքական պահվածքին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Համանախագահների հայտարարությունը միանգամայն համարժեք է հակամարտության կողմերի այս պահին ունեցած քաղաքական պահվածքին: Միջնորդներն անվերջ կրկնում են, որ իրենց խնդիրը բանակցային գործընթացի շարունակականության համար անհրաժեշտ պայմանների ապահովումն է, մինչդեռ փոխընդունելի պայմանավորվածությունների հանգելն ու դրանց կենսագործումն ապահովելը բացառապես պաշտոնական Երևանի ու Բաքվի անելիքն է (Ստեփանակերտը չեմ հիշատակում, քանի որ ՀՀ իշխանությունները համաձայնել են բանակցությունների երկկողմ ձևաչափին):
Կարող եմ ասել, որ ներկայումս անգամ պաշտոնական Երևանը քաղաքական առումով աներևութացած է և մեր ազգային-պետական շահերին լիարժեք տեր կանգնելու բավարար կարողունակություն չի դրսևորում: Իրավիճակը կփոխվի միայն այն դեպքում, եթե հայկական իշխանական վերնախավն ինչպես մեր սեփական, այնպես էլ ազդեցիկ միջազգային դերակատարների շահերի տեսանկյունից քաղաքական իրական հետևանքներ առաջացնող ծրագիր մշակի ու գործի դնի»: