Արցախի ՊԲ-ն հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը՝ փաստերով (լուսանկարներ)
Ի հավելումն ԼՂՀ ՊԲ կողմից տարածված հաղորդագրության, որով հերքվել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն առ այն, թե իբր ղարաբաղյան կողմից Ակնայի ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, հրապարակում ենք Ադրբեջանի արտակարգ իրավիճակների ծառայության այսօր նույն դեպքի մասին տարածած հաղորդագրությունը, որում հրդեհի պատճառ է նշվում էլեկտրալարերի կարճ միացումը: Ադրբեջանական քարոզչության շինծու էության մեջ համոզվելու համար առանց խմբագրման ու մեկնաբանության տվյալ դեպքի մասին ձեզ ենք ներկայացնում հետևյալ երկու հաղորդագրությունների բնագրերը, որոնցից մեկը հրապարակվել է ադրբեջանական AZERPRESS-ում, իսկ մյուսը՝ Oxu.az կայքում: Այդ մասին ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Վերջում անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող այսօրինակ ապատեղեկատվությունների պրակտիկան դարձել է սովորական գործելաոճ, որի ամենաթարմ ապացույցներից մեկն էլ այսօր Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածում ձեռնարկված անհաջող դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձից հետո հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքն էր: