Հայտնաբերվել է Սև ծովում կործանված ինքնաթիռի «սև արկղերից» մեկը
Ջրասուզակները հայտնաբերվել են ՌԴ պաշտպանության նախարարության՝ Սև ծովում կործանված Տու-154 ինքնաթիռի սև արկղերից մեկը: Այդ մասին, TACC գործակալության փոխանցմամբ, տեղեկացնում են ՌԴ ուժային կառույցները:
Աղբյուրն առայժմ չի կարող ասել, թե ինչ վիճակում են արկղերը:
«Որոնողական աշխատանքների ընթացքում ինքնաթիռի խցիկի տակ հայտնաբերվել է «սև արկղերից» մեկը: Առաջիկա ժամերին այն դուրս կբերվի ջրից: Օդանավի ևս երկու ինքնագրիչ էլ կա ինքնաթիռի պոչամասում, որոնք դեռևս չեն գտնվել»,- նշել են ուժային կառույցներում:
Սև ծովում Տու-154 ինքնաթիռի կործանման գործով ստուգվում է չորս հիմնական վարկած՝ շարժիչի մեջ կողմնակի առարկաների ընկնելը, անորակ վառելիքը, նավավարման սխալը, ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը:
ԱԴԾ-ից հերքում են ահաբեկչության վարկածը:
«Օդանավում ահաբեկչական գործողության կամ դիվերսիայի հնարավորությունը մատնանշող նշաններ ու փաստեր ներկայումս չեն ստացվել»,- հայտնել են նրանք:
Հիշեցնենք, որ կիրակի օրը կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղևորվում էր Սիրիա: Գերատեսչության տվյալներով՝ օդանավում եղել է 92 մարդ՝ անձնակազմի ութ անդամ և 84 ուղևոր, այդ թվում՝ ութ զինվորական, Ալեքսանդրովի անվան անսամբլի 64 արտիստ, ռուսական հեռուստաալիքների ինը ներկայացուցիչ,«Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան, որն ավելի հայտնի է որպես բժիշկ Լիզա, երկու զինծառայող: