«ՀԺ». Սերժ Սարգսյանը ձգում է Հովիկ Աբրահամյանի հետ կապված ինտրիգը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը մեզ հայտնեց, որ խորհրդի ձևավորումը վերջնականապես ավարտելուց հետո նոր նիստ կհրավիրեն:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե մինչև տարեվերջ խորհրդի նիստ կհրավիրեն: Ավելի վաղ Ռ. Թադևոսյանն էլ էր ասել, որ այդ նիստը մինչև տարեվերջ կհրավիրվի: Երեկ արդեն անդրադառնալով այդ հարցին՝ նա չբացառեց, որ այդ նիստը ոչ թե մինչև տարեվերջ, այլ եկող տարվա սկզբին տեղի ունենա: «Երբ խորհուրդը համալրենք, ձևավորումը ավարտենք, այդ ժամանակ էլ նիստ կանենք: Մեր գրաֆիկը հո Նոր տարու Ձմեռ պապով չի պայմանավորված»,- ասաց նա:
Իսկ ՀՀԿ խորհրդի նիստի ինտրիգը Սերժ Սարգսյանի կուսակցական տեղակալների հարցն է, որտեղ Ռ. Թադևոսյանը չբացառեց, որ փոփոխություններ կլինեն: Արդեն հայտնի է, որ առաջին տեղակալը լինելու է վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս դեպքում թերևս ինտրիգը կարող է լինել Հովիկ Աբրահամյանի հարցը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում