ՀԷՑ-ը հաջորդ 4 տարում կկատարի մոտ 201 միլիոն դոլար ներդրում
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2016 թվականի դեկտեմբերի 21-ին կայացած նիստում համաձայնություն է տվել «ՀԷՑ»-ի 2016-2020 թվականների ներդրումային ծրագրին. այդ մասին նշվում է ՀԾԿՀ տարածած հաղորդագրությունում:
ՀԾԿՀ-ի համաձայնությամբ հաստատված ներդրումային ծրագիրը շուրջ 97,4 մլրդ դրամ կամ մոտ 201 մլն ԱՄՆ դոլար ծավալով՝ առանց ավելացված արժեքի հարկի, ուղղված է հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների կրճատմանը, անվտանգության ապահովմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, սարքավորումների արդիականացմանը, կորուստների կրճատմանը, նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգի բարելավմանը, ինչպես նաև՝ ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու համար այլ աշխատանքների իրականացմանը:
Այսպիսով, ըստ ներդրումային ծրագրի, 31,9 մլրդ դրամը կուղվի անջատումների ժամկետների կրճատման և անվտանգության ապահովմանը, 2,2 մլրդ դրամից փոքր-ինչ պակաս՝ լարման շեղումների կրճատմանը, 21,5 մլրդ դրամ՝ նոր բաժանորդների գրանցմանն ու բաշխիչ ցանցի ընդարձակմանը և 36,3 մլրդ դրամ՝ սպառված էլեկտրաէներգիայի հաշվարկման համակարգի բարելավմանը: