ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին կգնա իր ցուցակով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանւ հայտարարեց, որ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին կգնա իր ցուցակով: Նա հայտնեց, որ ցուցակում տեղ կգտնեն նաև այն քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր տարիներ շարունակ ՀՀԿ-ի հետ ճանապարհ են անցել կամ պատրաստակամ են ճանապարհ անցնել:
Շարմազանովը նկատեց, որ մինչև տարեվերջ ՀՀԿ-ն խորհրդի նիստ կհրավիրի. «Չեմ կարծում, որ խորհրդի նիստի ընթացքում մեծ անակնկալներ են սպասվում: Խորհրդում բնականաբար կլինեն նաև փոփոխություններ: Խորհրդի առաջին փոխնախագահի պաշտոնի հիմնական հավակնորդը վարչապետ Կարապետյանն է: Նախընտրական գործընթացների հետ կապված ոչ մի հարց չենք քննարկել: Բնականաբար դաշինքի հարց էլ չենք քննարկել»:
ՀՀԿ խոսնակը նկատեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը բաղկացած է ոչ միայն ՀՀԿ-ականներից, այլև այն քաղաքական ու հասարակական միավորներից, «ովքեր տարիներ շարունակ սատարել են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի քաղաքական կուրսը»:
Նա վստահեցրեց, որ ՀՀԿ-ն դեռ չի քննարկել նախընտրական ռազմավարությունն ու մարտավարությունը: