Սերժ Սարգսյանի հաճախորդների աթոռավազքը
Փորձը ցույց է տվել, որ Հայաստանում քաղաքական գործիչներն ու ուժերը միշտ հանդես են եկել որպես «թույն ընդդիմություն» այնքան ժամանակ, քանի դեռ չեն մտել իշխանություն կամ չեն հայտնվել Հանրապետականի «անկողնում»:
Այն, որ «ընդդիմադիր» դաշտում Սերժ Սարգսյանն ունի «իր հաճախորդները», ակնհայտ է, սակայն թե նրանցից ով և երբ «ընդունելության» կարժանանա ու տեղ կզբաղեցնի նախագահի «բազմոցներից» մեկի վրա, կախված է այն բանից, թե որքան ակտիվ հռետորաբանությամբ հանդես կգա (ընդ որում՝ նաև քննադատություններ կհնչեցնի՝ ուղղված իշխող կուսակցությանն ու նրա ղեկավարին) և կհնազանդվի «շեֆի հրահանգներին»:
«Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները դաշինք են կազմել ու պատրաստվում են միասնական մասնակցել եկող տարվա խորհրդարանական ընտրություններին:
Այն, որ այս կուսակցությունների միասնությունը ինքնանպատակ չէ, ակնհայտ է, սակայն նույնքան պարզ է, որ այն չի բխում ժողովրդի շահերից, հատկապես երբ այս միասնության հետ կապված բազմաթիվ անպատասխան ինչու-ներ են ծագել, որոնցից առաջինը՝ ինչո՞ւ այս կուսակցությունները և ինչո՞ւ հիմա՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ:
Ավելորդ չենք համարի ընդգծել արդեն աչքի ընկած այն փաստը, որ այս կուսակցություններն ունեն տարբեր գաղափարախոսություններ ու տարբեր խնդիրների շուրջ ամեն անգամ իրարամերժ հայտարարություններով են հանդես գալիս: Թեև ԼՀԿ-ի նախագահ Էդմոն Մարուքյանն այս առիթով արդեն նշել է, թե «…մեր տարբերությունները մեզ հզորացնում են…», սակայն հեծանիվ հայտնագործած չենք լինի, եթե ասենք, որ ոչ միայն քաղաքականության մեջ, այլև բոլոր բնագավառերում, հատկապես գաղափարական տարբերությունը հանգեցնում է նոր տարաձայնությունների ու պառակտման…
Բայց սրա մասին դեռ կխոսենք… այստեղ կա նաև այն հարցը, թե ինչո՞ւ մարդիկ, ովքեր դեռ մի քանի օր առաջ իրար «միս էին ուտում» ու հերյուրանքներ հնչեցնում միմյանց հասցեին՝ է՛լ քաչալ շուն, է՛լ գող փիսո, է՛լ Սերժի մանկլավիկ ու հաճախորդ, հանկարծ որոշեցին միավորվել: Այսինքն՝ մարդիկ, ովքեր կասկածի տակ էին դնում դիմացինի «ծախված չլինելու» փաստը, որոշել են համատեղ գործել. ինչի՞ համար, հանուն ինչի՞…
Ու դարձյալ հարց՝ արդյոք սա հերթական պայմանավորվածություն չէ՞ Բաղրամյան 26-ի հետ, որի արդյունքում «շեֆի» ևս մեկ հանձնարարական կհամարվի «կատարված», իսկ կատարողները կլինեն պարգևատրված՝ աթոռի կամ մանդատի տեսքով:
Ու կստացվի այնպես, որ այս աթոռավազքի մրցույթում ժողովուրդը դարձյալ կլինի միայն հանդիսատեսի կարգավիճակում ու ինչպես միշտ՝ կմնա ձեռնունայն…