Մեր տարբերությունները մեզ հզորացնում են. Փաշինյանը և Մարուքյանը՝ իրենց տարաձայնությունների մասին
«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններն առաջիկա խորհրդարանական ընտրություններում հանդես կգան միասնաբար: Այդ մասին նրանք հայտարարել են համատեղ ասուլիսի ժամանակ, որից առաջ կուսակցությունները հուշագիր են ստորագիր և որոշել՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններում հանդես կգան դաշինքով:
Լրագրողների դիտարկմանը, թե ոչ վաղ անցյալում Փաշինյանը կասկածի տակ է դրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ընդդիմադիր լինելը, Փաշինյանն արձագանքեց, որ հակասությունները հաղթահարվել են, և այժմ համագործակցության հիմքեր են դրվելու:
«Այդ տարաձայնությունները գլոբալ առումով հաղթահարված են, և մենք հուշագրում արձանագրեցինք, որ այդ տարաձայնությունները հաղթահարելու ավելի երկար ճանապարհ ենք ընտրել…»,- ասաց Փաշինյանը:
Էդմոն Մարուքյանն էլ իր հերթին նկատեց, որ ուժերի հայացքների տարբերությունն իրենց հզորացնում է:
«Այո, երեք ուժերը, գործիչները տարբեր են, և յուրաքանչյուրն ունի իր անցած ճանապարհի պատմությունը: Բայց մեր տարբերությունները մեզ հզորացնում են, ժամանակին եղած քննարկումները, քննադատությունները եղել են մոտավորապես նույն տեսլականն ունեցող մարդկանց միավորման և ընդհանուր մոտեցումներ գտնելու ճանապարհին… Ցանկացած տարաձայնություն շատ ավելի ցածր արժեք է, քան այն ընդհանուր շահը, որ մեզ միավորում է»,- ասաց Մարուքյանը:
Նկատենք նաև, որ ուժերը համատեղ գործունեության արդյունքում կսկսեն նաև բանակցություններ, միասնական կուսակցություն ստեղծելու շուրջ: