Ռուսաստանից 7 հազար ՀՀԿ-ական է «ներկրվել» Հայաստան
7 հազար մարդ դարձել է ՀՀԿ-ական։ Այսօր Հայաստանում դժվար է գտնել, միայն որոշ բացառություններով, առողջ մտքով և առողջ հոգով անձանց, ովքեր ցանկանան ՀՀԿ-ական դառնալ։
Երկիրն արդեն մտածում էր, որ սպառել է իր ՀՀԿ-ականների «տոպրակը», և կարիերիստական, սակայն ծանրակշիռ կարիերիստական նկրտումներից ելնելով՝ ոչ ոք այլևս չի ցանկանա դառնալ ՀՀԿ-ական՝ դառնալով Հակոբ Պարոնյանի պատումների հերոսներից։
Հայաստանը ծայրահեղությունների երկիր է, հնում ասում էին՝ Հայաստանում կգտնեք այն, ինչ չեք գտնի աշխարհի որևէ այլ երկրում։
Պարզվում է՝ դա ասվել էր հատուկ 2016 թվականի համար, քանի որ բոլորը մտածում էին, որ բացի վարչապետից, որոշ նախարարներից, ՀՀԿ-ական կուստոմսն այլևս որևէ մեկին պետք չէ։ Մենք շարունակում ենք մեզ զարմացնել։
Պարզվում է, որ 7 հազար մարդ (մի իսկական գումարտակ) օրերս համալրել է ՀՀԿ-ականների շարքերը։ Լավ, ուրիշ կուսակցություն չկա՞ր, ասենք՝ «Օրինաց երկիրը», որը թեև անունն է փոխել, ժամկետանց է, սակայն դե կուսակցություն է էլի։
Աշխարհում, սովորաբար, այս կամ այն կուսակցության անդամ դառնում են գաղափարական հենքի վրա, սակայն մեր երկրում դառնում են ՀՀԿ-ական, հետո ուսումնասիրում ՀՀԿ գաղափարախոսությունը, թեև լավ էլ անում են, առանց իմանալու են մտնում ՀՀԿ, քանի որ ուսումնասիրելու բան էլ չկա։
Նժդեհն իր համար էր ապրում, ՀՀԿ-ն՝ իր համար, և այս տարիներին ինչքան էլ փորձեցին պարզեցնել Նժդեհի կերպարը, սակայն նա ՀՀԿ-ականների ատամի բան չէր։ Պետք չէ նեղանալ, որ տեղյակ չեն, թե ով է Նժդեհը և ում գաղափարներն են չարաշահում ՀՀԿ-ականները․ դա նորընտիր ՀՀԿ-ականներին պետք էլ չի գալու։ Ինչևէ։
Հետաքրքիրն այն է, որ եթե նախկինում պետք էր լինում խարդավանքներ անել, դա արվում են ննջեցյալների հաշվին, սակայն այս անգամ «անցավորներին» դիմելու կարիք չեղավ. 7 հազար շունչ ու հոգի ունեցող է դարձել կուսանդամ։ «Չար լեզուներն» ասում են, որ «գազավիկներն» են դարձել ՀՀԿ-ական, ասում են նաև, որ Քաջ Նազարը տեսնելով իրենից զորեղ մրցակիցների՝ գլխապատառ արշավանքը ՀՀԿ, արտագաղթել է…