Հենրիխ Մխիթարյանը «ՄՅՈւ»-«Ֆեյենորդ» խաղի լավագույն ֆուտբոլիստն է՝ ըստ երկրպագուների (լուսանկար)
Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ էր ընդունել հոլանդական «Ֆեյենորդին»:
Հանդիպմանը մեկնարկից մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով բավականին լավ հանդիպում անցկացրեց՝ ակտիվ մասնակցելով թիմի գրոհներին: Մխիթարյանը փոխարինվեց 82-րդ րոպեին, իսկ մանկունյանցիները հաղթեցին 4:0 հաշվով:
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆեյսբուքյան էջը խաղից ժամեր անց հրապարակեց Մխիթարյանի լուսանկարը՝ իբրև երկրպագուների քվեարկության արդյունքում խաղի լավագույն ֆուտբոլիստ:
«Նա մեր հայ կիսապաշտպանն է… և ձեր ընտրությամբ խաղի լավագույն ֆուտբոլիստը: Հիանալի է, Հենրիխ Մխիթարյան»,- ասված է ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջի հրապարակած գրառման մեջ:
