Գազային կրքեր՝ Արտաշատում
Օրերս Արարատի մարզի Մրգավետ գյուղում գազային աշխուժություն էր, մարզի «գազավիկները» որոշել էին միայն Մրգավետ գյուղում գազի հաշվիչների մեջ տեղադրել ռեզինե օղակներ։ Գազի վարչության տեղական աշխատակիցները բացատրում էին, որ գազի հոսքն ավելանալու է, մարդիկ գազ շատ են օգտագործելու ջերմոցների տաքացման համար, և դա խնդիրներ է առաջացնելու, այդ է պատճառը, որ միայն Մրգավետ գյուղի համար նման որոշում է կայացվել։
Նշենք, որ այսօր այդ որոշումը չեղարկվել է, քանի որ սպառողները նկատել էին, որ պակասել էր գազի հոսքը և երեկ միտինգ էին կազմակերպել Մրգավետի համայնքապետարանի առջև։
«Գազավիկները» որոշել էին չեղարկել ռետինե օղակների տեղադրումը։
Նշենք, որ Մրգավետ գյուղում տարիներ առաջ ձմռան ամիսներին զբաղվում էին ջերմոցներում մշակաբույսերի աճեցմամբ, սակայն վերջին տարիներին՝ կապված գազի սակագնի թանկացման հետ, գրեթե գազ չեն օգտագործում ջերմոցների տաքացման համար, բացառությամբ համայնքի որոշ մեծահարուստների։ Ի դեպ, այդ մասին «գազավիկները» հրաշալի տեղյակ են։
Իսկ թե ինչ իմաստ ուներ ջերմոցների խնդիրը պատրվակ բերելով ռետինե օղակներ տեղադրել գազի հաշվիչների մեջ, մնաց անհայտ։
Ակնհայտ է, որ նման բացատրությունը հեռու է իրականությունից։ Գյուղում ում գազի հաշվիչի մեջ տեղադրել էին ռետինե օղակները՝ հանեցին։