Նարեկ Հովհաննիսյանը հաղթել է թայլանդցի ըմբիշին
Սանկտ-Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներից միայն մեկին հաջողվեց հաղթանակ տոնել: Այդ մասին հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը 1/32-րդ փուլում առավելության հասավ Թաիլանդը ներկայացնող Անան Տոնկրատոկիի նկատմամբ: 64 կգ քաշային Տոնի Գալստյանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը պարտվեցին, համապատասխանաբար, հնդիկ Անշիշին ու Գերմանիան ներկայացնող Արտուր Մեմբերգին: Հովհաննիսյանի հաջորդ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 20-ին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին տեղի կունենան 1/16 փուլի մենամարտերը. պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 3 ներկայացուցիչները. 49 քաշային կարգում Արսեն Աբգարյանը կմրցի Պուերտո Ռիկոն ներկայացնող Ադրիեր Ռեյեսի, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը` լատվիացի Արտուրա Ժինկովսկիի, իսկ 56 կգ քաշային Վահե Բադալյանը` ԱՄՆ-ն ներկայացնող Մարկ Կաստրոյի հետ: Հայաստանի վերջին ներկայացուցիչը` գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը կսկսի 1/8 փուլից: Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Հունի Ջաստիա(Ավստրիա)-Ալիշեր Դուստով (Ուզբեկստան) զույգի հաղթողը: