Հիմա արդեն հանցագործ չի լինի, շանտղություն կլինի. ազգագրագետ
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս հազար դրամանոցների մասին՝ ԱԺ ամբիոնից, այսօր. «գողացողը շան տղա ա»: Սա ասվում է որպես չգողանալու երաշխիք: Հիանալի է, չէ՞: Բա մինչև հիմա գողացողն ի՞նչ էր: Հա, հանցագործ էր, շան տղա չէր: Հիմա արդեն հանցագործ չի լինի, շանտղություն կլինի: Այս գումարման ԱԺ գոհարներին դեռ շատ կկարոտենք: Այս նույն նիստին էլ «պարզվեց», որ բանակից գողացված մթերքը «գողացված չի եղել», ինչ-որ մի ռոմանտիկ կոլեկցիայի համար վերցրել է: Չե՞ք հավատում՝ դատարանին հարցրեք: Բանակի հանցագործ ռոմանտիկները, թե՞ ռոմանտիկ հանցագործներն ամեն առավոտ արթնանում են և ամաչում երեկվա արածի համար, և այսպես՝ ամեն օր: Գողանում են ու ամաչում, ամաչում են ու գողանում… Բայց այս հազար դրամների դեպքում… ոչ, ոչ, ոչ… դա շանտղություն կլինի: Այստեղ արդեն ամաչել չկա»: